Արմինֆո. Այսօր Հայաստանում գործում է 200 ճարտարագիտական ընկերություն, իսկ նոր ինովացիոն ռազմավարության իրագործման շրջանակում դրանց թիվը կեռապատկվի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Նա ընդգծել է ճարտարագիտական ներուժի իրագործման կարևորությունը, նախևառաջ, ներքին շուկայում: «Ինչպես ՏՏ-ոլորտում, այնպես և ճարտարագիտության ոլորտում մեզ անհրաժեշտ է որոշակի աստիճանով բացառել ներմուծվող արտադրանքի կիրռման պահանջարկը և հասնել այն բանին, որպեսզի իրատեսական դառնա հայ մասնագետների նորարարական գիտատեխիկական և տեխնոլոգիական մշակումների կիրառումն առօրյա կյանքում: Մեր գաղափարը պետք է լինի այնքան որակյալ և մրցակցային, որպեսզի նպաստի, առաջին հերթին, Հայաստանի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, իսկ հետո արդեն աշխատի այլ երկրների տնտեությունների բարօրության համար՚, - ընդգծել է Է.Տարասյանը:
Այդ առնչությամբ նա նշել է, որ դեռ ԵԱՏՄ-ին անդամակցելիս ճյուղի համար բացվել է մեծ շուկա, ինչին, Տարասյանի կարծիքով, հայրենական ճարտարագիտությունը պատրաստ չէր: Դրան զուգընթաց, Ռուսաստանում, պատժամիջոցների կիրառման առնչությամբ, մեկնարկել է ներմուծման փոխարինման ծրագիր: «Այն ժամանակ ոլորտը չէր հասունացել նման քանակությամբ պատվերներ կատարելու համար: Մի քանի ընկերությունների, այդուհանդերձ, հաջողվել է ռադիոէլեկտրոնիկայի և այլ ոլորտների պայմանագրեր կնքել ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես, «Ռոստեխի՚ հետ, սակայն, դրանք եզակի դեպքեր են` ձևավորվող բարձր պահանջարկի ֆոնին՚, - նշել է Տարասյանը: Հետևաբար, նրա համոզմամբ, առաջնային պետք է լինի ոլորտի զարգացումը ներքին շուկայում, իսկ հետո արդեն կսկսվի արտահանման քաղաքականության իրագործումը: «Ճյուղի առաջընթացի գործում իրագործելով նոր ինովացիոն ռազմավարություն` մեզ անհրաժեշտ է հասնել այնպիսի մակարդակի, որպեսզի հայ ճարտարագետները կարողանան բավարարել աշխարհի ցանկացած երկրում առաջացող պահանջարկը՚, - ամփոփել է փոխնախարարը: