Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսերին և Աշխատանքի դեպարտամենտի առևտրային քաղաքականության և բանակցությունների բաժնի ղեկավար Աննե Զոլներին։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) արտոնյալ առևտրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր։ Հատկապես կարևորվել են GSP ռեժիմի իրականացման շրջանակներում թափանցիկության ապահովմանը, տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումները, և այս համատեքստում մասնավորապես կարևորվել է վաղը՝ սեպտեմբերի 13-ին կայանալիք, Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված «Դեպի ԱՄՆ արտահանման ներուժի բացահայտում` արտոնությունների ընդհանրացված համակարգ» թեմայով միջոցառումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ Առևտրի և ներդրումների խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Հայաստանն օգտվում է GSP շահառու երկրի կարգավիճակից Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների հետ: GSP հաշվին ավելի քան 3500 անվանման հայկական ապրանքներ կարող են արտահանվել զրոյական մաքսատուրքով: 2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ներառվել է Եվրամիությունից GSP+ ռեժիմ ստացած երկրնեի ցուցակում, որն առնչվում է ավելի քան 6.400 անվանման ապրանքների: