Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության օրգանական հատվածն արտադրության ծավալների սահմանափակության առնչությամբ եվրոպական շուկայում չի կարող մրցակցել զանգվածային արատդրողների հետ, որոնք ներկայացված են խոշոր ցանցային սուպերմարկետներում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է Ավստրիական զարգացման գործակալության Organic Agriculture Support Initiative (OASI) նախագծի ղեկավար Դևիդ Մուկենբուգերը:
Նրա ասելով, Հայաստանի էկոլոգիական գյուղատնտեսական արտադրանքը իրացվում է, որպես կանոն, եվրոպական երկրների մայրաքաղաքների ոչ մեծ մթերային խանութներում և կրպակներում: Ընդ որում, ապրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորում նաև Սփյուռքը: Մուկենբուգերը նշել է, որ հայկական օրգանական արատդրանքի առավելությունը շուկաների խորշերի որոնման դյուրինությունն է: «Խոշոր ցանցային սուպերմարկետներում փոքր-ինչ դժվար է ապահովել հայկական օրգանական արտադրանքի առկայություն: Սակայն այստեղ առանցքային դեր է խաղում ոչ թե որակը, քանի որ Հայաստանի օրգանական արտադրանքը նրբաճաշակ է, համեղ և յուրահատուկ: Հարցն արտադրության սահմանափակ լինելն է, որի ծավալներն առայժմ թույլ չեն տալիս դուս գալ այլ մակարդակի շուկաներ՚, - պարզաբանել է նա:
Փորձագետը հաղորդել է, որ այսօր OASI ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալությունը համագործակցում է Հայաստանի 45 ընկերությունների հետ: «Սկսած ֆերմերներից և վերջացրած միջին բիզնեսի ներկայացուցիչներով, որոնք զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, մենք տրամադրում ենք սերտիֆիկատ, որն ստանալով, ձեռներեցը կարող է ազատորեն իր արտադրանքն իրացնել Եվրոպայում՚, - նշել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել ավելի վաղ Գերմանիայում անցկացված BIOFACH օրգանական արտադրանքի ցուցահանդեսում: «Հայաստանցի արտադրողները պայմանագրեր են կնքել ֆրանսիական և գերմանական ձեռնարկությունների հետ: Իսկ ամռանն ավստրիական հայտնի ընկերությունը, որն զբաղվում է թեյի և համեմունքի արատդրությամբ, հետաքրքրություն է դրսևորել հայկական կարմիր ռեհանի նկատմամբ, ինչը խոսում է համագործակցության նոր հեռանկարների մասին՚, - հաղորդել է նա:
Վերջում փորձագետն ընդգծել է, որ եվրոպական շուկան մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի օրգանական արտադրանքի իրացման համար, սակայն հետագայում անհրաժեշտ է աշխատել արտադրության ծավալների մեծացման ուղղությամբ:
Հավելենք, որ OASI ծրագիրը, որն Ավստրիական զարգացման գործակալությունն իրագործում է ԵՄ ֆինանսավորմամբ, նպատակաուղղված է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ու Հայաստանի օրգանական արտադրանքի իրացմանն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն վրո: