Արմինֆո. Հետխորհրդային տարածաշրջանում թանկարժեք մետաղներ արդյունահանող առաջատար ընկերություններից մեկի` Polymetal ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսի հետ հարցազրույցի համար մենք հանդիպեցինք առողջարանային Ջերմուկ քաղաքում, որտեղ հոկտեմբերի 3-16-ն ընկերության հովանավորությամբ ընթանում էր Եվրոպական շախմատային միության «Գրան Պրի» երիտասարդական մրցաշարի 2-րդ փուլը:
Polymetal ընկերությունը հիմնադրվել է 1998-ին և 19 տարիների ընթացքում ուժեղ դիրքեր է զբաղեցրել երկրաբանահետախուզական աշխատանքների, հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում` իրականացնելով հանքավայրերի իրացման աշխատանքների ամբողջ համալիրը` երկրաբանահետախուզականից մինչև շահագործում: 2015 թվականին Polymetal-ը ձեռք բերեց իր առաջին ակտիվը Հայաստանում - «Լիճքվազ» ՓԲԸ-ն`Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքով: 2016 թվականի ապրիլին ընկերությունը կանադացիներից գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը (ԼՀԿ), որը շահագործում է Շահումյանի հանքավայրը: Միայն ընթացիկ տարում Polymetal-ի ներդրումների ծավալը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար՝ ուղղված արտադրության արդիականացմանն ու ընդլայնմանը:
Վիտալի Նաթանովիչ, ե՞րբ պատրաստ կլինի Լիճքվազի հանքավայրը և ե՞րբ այն կմիանա ընկերության ընդհանուր արտադրությանը:
Լիճքվազում արդեն ընթանում են ստորգետնյա լեռնահանքային աշխատանքներ: Գործերը շատ են, հանքուղին 30 տարի չի շահագործվել, փաստորեն, շատ տեղերում անցնում ենք այն նորից: Արդյունահանմանը Լիճքվազին նախապատրաստելու համար կպահանջվի ևս 9 ամիս, և հույս ունեմ, որ հաջորդ տարի կլինի առաջին հանքաքարը, իսկ լրիվ հզորությամբ հանքը կաշխատի 2019 թվականին: Սկզբում նախատեսում ենք տարեկան ստանալ մոտ 150 հազար տոննա հանքաքար:
Ինչպե՞ս դա կանդրադառնա արդյունահանվող հանքաքարի ընդհանուր ծավալների վրա:
Այս տարի Կապանում նախատեսում ենք արդյունահանել շուրջ 530 հազար տոննա, հաջորդ տարի`650 հազար տոննա: Ներկայումս կանգնած ենք տարեկան 900 հազար տոննայի հասնելու խնդրի առջև: Դա և՛ Կապանն է, և՛ Լիճքվազը, գուցե հումքի այլ աղբյուրներ ևս:
Դիտելով ընկերության հաշվետվությունները՝ ես նկատել եմ վերամշակման տարեկան ծախսերի էական նվազեցում: Ուստի, արդիականացմանն ուղղված կապիտալ ներդրումներն արդեն արդյունքներ են տալիս: Ձեր գնահատականներով, ինչպիսի՞ն է մեկ ունցիայի ծախսերի օպտիմալ մակարդակը:
Այս տարի Կապանի ակտիվներում ներդնում ենք 15 մլն ԱՄՆ դոլար: Դա հիմնականում ստորգետնյա լեռնային տեխնիկայի արդիականացում է, որպեսզի առավելագույնս հրաժարվենք ձեռքի աշխատանքից: Դրա շնորհիվ մենք լիովին ի վիճակի ենք ծախսերը Կապանում հասցնել Պոլիմետալի ընկերությունների համար միջին մակարդակի, այսինքն, մինչև 600 – 650 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի դիմաց: Չնայած հանքավայրը բարդ է, բայց ունի բարենպաստ լեռնաերկրաբանական պայմաններ, գերազանց ենթակառուցվածքներով և պրոֆեսիոնալ թիմով: Հետևաբար, ինքնարժեքի իջեցման դինամիկայի առումով ես լավատեսորեն եմ տրամադրված:
2017 թվականի 9 ամիսներին հանքաքարի արդյունահանումը և վերամշակումը Կապանում կազմել է 389 հազար տոննա, արտադրվել է 21.1 հազ. ունցիա ոսկի, 0.4 մլն ունցիա արծաթ, 900 տոննա պղինձ և 3600 տոննա ցինկ: Ընկերության կապիտալ ծախսերը Կապանի ԼՀԿ-ում 2016 թվականին կազմել են 8 մլն ԱՄՆ դոլար, 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 13 մլն ԱՄՆ դոլար: Մեկ ունցիա ոսկու համարժեքի ընդհանուր դրամական ծախսերը 2017 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1197 ԱՄՆ դոլար, 2016 թվականի առաջին կիսամյակի 1930 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ նվազելով 38 տոկոսով: Ընկերության ճշգրտված EBITDA-ն, ըստ հաշվետվության, Կապանի ձեռնարկությունում 2017 թվականի առաջին կիսամյակի վերջին կազմել է 7 մլն ԱՄՆ դոլար:
Ժամանակի հետ կփոխվի՞ արդյոք հանքաքարի մեջ ոսկու միջին պարունակությունը:
Շահումյանի հանքավայրը բազմամետաղային է, մենք ստանում ենք ոսկի, արծաթ, ցինկ և պղինձ: Հասույթի առումով ոսկին ներկայումս կազմում է ընդամենը 50%, ուստի ավելի ճշգրիտ կլինի ասել «ոսկու համարժեքի պարունակության» մասին: Այս ցուցանիշը տատանվում է մեկ տոննայում 4-4,5 գրամի սահմաներում: Սա բավականին կայուն մակարդակ է և ապահովում է ինչպես հանքաքարի ամբողջական արդյունահանումը, այնպես էլ գործարանի շահութաբեր աշխատանքը: Գրեթե այդ մակարդակում էլ կմնանք:
Ընկերությունը չի՞ նախատեսում Հայաստանում հանքաքարի ավելի խորը վերամշակում կազմակերպել:
Մենք ոսկին արտադրում ենք պղնձի խտանյութում, իսկ ավելի խորը մշակել կարելի է միայն պղնձի գործարանում: Որքանով ես գիտեմ, ներդրողներից մեկը ներկայումս աշխատում է նոր պղնձաձուլարանի կառուցման նախագծի վրա: Նման մեկ ձեռնարկությունը բավարար կլինի Հայաստանի համար: Մենք հետևում ենք նախագծի զարգացմանը, և եթե ոլորտի գործընկերներն այն կհանձնեն շահագործման, իհարկե, դա կլինի հետաքրքիր, մենք կտնտեսենք տրանսպորտային ծախսերի հարցում, և երկրի համար էլ, ընդհանրապես, դա լավ կլինի: Ծրագիրը մեծ է, բայց ես վստահ եմ, որ ներդրողը, պետությունը և հասարակությունն ամեն ինչ կանեն, որ դրա իրականացումն էկոլոգիապես լինի անվտանգ:
Ընկերության պաշտոնական կայքում ասված է, որ Polymetal-ի մուտքը հայաստանյան շուկա պայմանավորված էր ոչ միայն Կապանի և Լիճքվազի հետաքրքիր ակտիվներով, այլ նաև բիզնեսի հետագա ընդլայնման հեռանկարներով: Դուք արդեն փնտրո՞ւմ եք նոր ակտիվներ:
Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից, բավական է նայել նրա օգտակար հանածոների քարտեզին: Մեր առաջնահերթությունը, Կապանի ԼՀԿ կատարված ներդրումներից բացի, երկրաբանական հետախուզման ոլորտում կատարված ներդրումներն են, քանի որ մտադիր ենք ավելացնել ռեսուրսային բազան, և ակտիվորեն աշխատում ենք պետական մարմինների հետ՝ արտոնագրեր ստանալու ուղղությամբ: Մեկ արտոնագիր հուսով ենք շուտով ստանալ` Շահումյանի հանքավայրի թևերն ուսումնասիրելու համար, այժմ համայնքների հետ քննարկման փուլում ենք: Բայց ոչ միայն Սյունիքն է հետաքրքիր, հետաքրքիր է նաև հյուսիսային Հայաստանը, Վրաստանի հետ հարևան շրջանները: Խոսքը գործնականում զրոյից երկրաբանահետախուզական աշխատանքների մասին է:
Դե, գուցե ինչ-որ տեղ ընթանո՞ւմ է խորհրդային օբյեկտների լրացուցիչ ուսումնասիրություն:
Դրանք, ըստ էության, արդեն այլ ընդերքօգտագործողների ձեռքում են: Մենք երկխոսության մեջ ենք, բայց շատ զգույշ ենք վերաբերվում ակտիվների գնահատմանը, քանի որ շատ հանքավայրերի գծով, որոնք հետախուզվել են 1960-70-ական թվականներին, չկան առաջնային փաստաթղթերը, կան միայն հաշվետվություններ, որոնք ունեն կասկածելի որակ: Հասցրել ենք ստուգել 4 նոր օբյեկտ, բայց մեզ դուր չեն եկել: Օգոստոսին եղա մեկ հանքավայրում, որը կարող է պոտենցիալ հետաքրքրություն ունենալ, հոկտեմբերին` ևս մեկում: Օբյեկտներն ուսումնասիրված չեն, անհրաժեշտ է ներդնել զգալի միջոցներ:
Քանի որ անդրադարձանք վերահսկողության և բնապահպանական խնդիրներին, կցանկանայի իմանալ Ձեր վերաբերմունքըբրիտանական EITI (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն՝ ԱՃԹՆ - խմբ.) նախաձեռնության նկատմամբ,որին միացել է Հայաստանը: Ինչպես նաև այն մասին, որ երկրի խորհրդարանում, հավանաբար այդ համատեքստում, քննարկվում ենԸնդերքի մասին օրենսգրքի փոփոխությունները, որոնք հանքավայրեր շահագործող ընկերություններին պարտավորեցնում ենիրականացնել դիտարկումներ և հրապարակել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին հաշվետվություններ:
EITI նախաձեռնությանը միանում են պետություններ, իսկ մենք՝ որպես ընկերություն, համապատասխանում ենք շատ ավելի խիստ պահանջների, մասնավորապես՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) պրեմիում ցուցակման չափանիշներին, որի հարթակում շրջանառվում են մեր բաժնետոմսերը: Տարեկան հաշվետվություններում հրապարակում ենք պետական մարմիններին կատարված վճարումների մասին տեղեկատվություն, բնապահպանական,արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության, մենեջմենտի վճարման վերաբերյալ վիճակագրություններ:
Այսօր Հայաստանն արդեն աչքի է ընկնում բնապահպանական վերահսկողության բավականին բարձր մակարդակով, ինչը բացարձակապես արդարացված է, քանի որ փոքր երկիր է, բայց շատ հարուստ է գյուղատնտեսական տարածքներով, բնական և մշակութային հուշարձաններով, հետևաբար, իհարկե, պետք է շատ զգույշ լինել հանքավայրերի շահագործման ընթացքում: Բայց, ի վերջո, «սատանան մանրուքներում է»: Ես կնախընտրեի, որ որոշ կանոններ և ընթացակարգեր լինեն ավելի ֆորմալիզացված, որ լինեն ավելի խիստ, բայց ավելի պարզ և հստակ:
Կիսվեք ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրերով:
Հաջորդ տարի մենք ծրագրել ենք գրեթե նույն չափով ներդրումներ, ինչպես այս տարի`մոտ 15 մլն ԱՄՆ դոլար, թեև վերջնական բյուջեն դեռ չի հաստատվել: Կշարունակենք ներդրումներ կատարել Շահումյանի հանքավայրում և դրա թևերում հետախուզական աշխատանքների ուղղությամբ: Կապանի հանքն այլևս ներդրումների կարիք չունի, աշխատանքն ավարտված է, և այն մինչև ատամները տեխնիկապես զինված է: Մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվի գլխավոր օդափոխման համակարգը և ջրհեռացման տեղամասային 2 համակարգերը: Դրանով էլ կավարտվի տեխնիկական արդիականացման ծրագիրը: Հաջորդ տարի կենտրոնանալու ենք ֆլոտացիոն ֆաբրիկայի տեխնոլոգիական կատարելագործման վրա: Կփոխարինենք հնացած սարքավորումները, կհիմնանորոգենք, քանի որ նախորդ սեփականատիրոջ մոտ այն երկար ժամանակ պարապուրդի մեջ է եղել թերօգտագործման հետևանքով: Հաջորդ տարի Լիճքվազում պետք է ավարտվի հանքի կառուցումը՝ համապատասխան ենթակառուցվածքով: Մենք նաև հույս ունենք ներդրումներ սկսել արտոնագրերով, որոնք այժմ ձևակերպման փուլում են:
Ընկերությունը մտադի՞ր է արդյոք ընդլայնել իր ներկայության աշխարհագրությունը: Դուք ակտիվներ ունեք Հայաստանում, Ղազախստանում,բազմաթիվ ակտիվներ Ռուսաստանում: Արդյոք մտածո՞ւմ եք նաև այլ երկրների ուղղությամբ:
Աշխարհագրության ընդլայնումն ընկերության համար ինքնանպատակ չէ, միայն թե լինեն որակյալ երկրաբանական ակտիվներ: Միանշանակ կարող եմ ասել, որ մենք մտադիր չենք դուրս գալ նախկին ԽՍՀՄ երկրների սահմաններից: Այդ սահմաններում ժամանակ առ ժամանակ նայում ենք այլ երկրների: Մոտ ապագայում Վրաստանում կլինի առաջին երկրաբանահետախուզական ծրագիրը: Առայժմ այնտեղ աերոգեոֆիզիկա է իրականացվում պղնձի բարձր պարունակությամբ բազմամետաղական հանքավայրում: Մենք դիտարկում ենք նաև Ուզբեկստանը, որը դանդաղորեն բացվում է արտաքին ներդրումների համար: Եթե կա մի բան, որն ավելի արագ է դարձնում սրտի աշխատանքը, ապա ինչու ոչ:
Polymetal-ի բաժնետոմսերի 27 տոկոսի վերջական շահառուն է «ԻՍՏ» Գրուպը, 13 տոկոսը պատկանում է չեխական PPF Group NV-ին, իսկ բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսը գտնվում է ազատ շրջանառությունում: Polymetal-ը ռուսաստանյան ընկերություններից առաջինն էր, որի բաժնետոմսերը 2011 թվականին պրեմիում ցուցակում անցան Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE): 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 683 մլն ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 120 մլն ԱՄՆ դոլար:
Ոչ այնքան վաղ անցյալում ուսումնասիրել ենք Իրանը, բայց որոշեցինք ներդրումներ չկատարել: Չափազանց մեծ խոչընդոտներ կան փոխադարձ հասկացման առումով, գրեթե չկա ընդհանուր լեզու, բարձր են աշխարհաքաղաքական ռիսկերը: Մի ժամանակ դիտարկում էինք նաև Ֆինլանդիան: Պետք է հասկանալ, որ ցանկացած նոր երկիր ներդրում է ոչ միայն ակտիվներում, այլ նաև այդ երկիրը հասկանալուն, որպեսզի հասկանալի լինեն ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները և իշխանության աղբյուրները, հասկանալու համար, թե ինչպես են արվում գործերը, և ինչպես չեն արվում: Դա անհրաժեշտ է իմանալ, և դա պետք է սովորի ամբողջ կազմակերպությունը, ներառյալ նաև ես:
Հարց է ծագում, արդյո՞ք Հայաստանում ամեն ինչ այդքան հարթ է այդ առումով:
Պետական մարմինների հետ համագործակցության առումով որևէ լուրջ խնդիր չենք ունեցել: Այժմ շատ ենք ակնկալում խորացնել հարաբերությունները նորհետախուզական արտոնագրերի ձեռքբերման առումով: Այնուամենայնիվ, մեկ բան է գործող ձեռնարկության շահագործումը, այդ դեպքում իշխանությունը սովորաբար ցուցաբերում է ճկունություն, ընդառաջում ներդրողին, քանի որ նախագծի հետևում կանգնած են մարդիկ, հարկեր: Եվ մեկ այլ բան է երկրաբանական հետախուզությունը, չէ որ հորատանցքից մինչև հարկերն ընկած է դժվարին ու երկար ճանապարհ: Բայց մենք կփորձենք հաստատել կառուցողական հարաբերություններ, ինչպես մեզ մոտ ստացվում էր նախկինում:
Օրենսդրությունը երկրում հաճախ է փոխվում: Իսկ դա Ձեզ չի՞ խանգարում պլանավորման հարցում:
Օրենսդրությունը հաճախ է փոխվում, ինչը նորմալ է: Անձամբ ինձ դուր չեն գալիս օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք կապված են գործընթացի բյուրոկրատացման հետ` երկարատև համաձայնեցումները, թույլտվությունների տրամադրման ձգձգումները, որոնք որևէ բան չեն ավելացնում պետության կողմից իր գործառույթների իրականացմանը: Եվ խոսելով երկրաբանական հետախուզության մասին, ցավոք, դա ստանդարտ իրավիճակ է նախկին ԽՍՀՄ տարածքում, որտեղ կան մեծ թվով անհիմն ու անհասկանալի խոչընդոտներ: Բայց ինձ մոտ զգացողություն կա, որ Հայաստանն ընդերքօգտագործման ոլորտում պակաս բյուրոկրատացված է, քան նախկին ԽՍՀՄ շատ երկրներ:
Բոլոր խոշոր ընկերությունները, որպես կանոն, իրականացնում են այսպես կոչված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր: Նման ծրագրեր ունե՞ք:
Մեր առանց բացառության բոլոր ձեռնարկություններում կան սոցիալական գործընկերության ծրագրեր: Մենք ձգտում ենք ներդրումներ կատարելուղղակիորեն գործունեության տարածքներում: Մշտապես աջակցում ենք Կապանի կրթական հաստատություններին, Ողջի գետի մաքրմանը կենցաղային աղբից, իսկ Լիճքվազում օգնում ենք կոմունալ ծառայություններին: Մենք աջակցում ենք Հայաստանում մանկական շախմատի զարգացմանը: Ինչպեսանձամբ ես, այնպես էլ ամբողջ ընկերությունը, շատ լուրջ ենք վերաբերվում դրան: Ինչպես ասում են Արևմուտքում, մեր նպատակն է ունենալ «գործունեության հանրային արտոնագիր»: Քանի որ ձեռնարկության շուրջ ապրող բոլոր մարդիկ, ոչ միայն աշխատողները, այլև քաղաքների և գյուղերի բնակիչները պետք է անմիջական օգուտ ունենան մեր ներկայությունից՝ ի լրումն աշխատավարձի: