Արմինֆո. «Թրանսփերենսի ինթերնեյշնլ՚ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ սուբսիդավորումը գնաճի հետևանքների մեղմման վատթարագույն մոդելն է: «Ներդնելով սուբսիդավորման մեխանիզմ` իշխանությունը սուբսիդավորում է ոչ թե շարքային սպառողին, այլ` մենաշնորհատիրոջը՚, - հայտարարել է նա հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: Նրա ասելով, հենց այդ մեխանիզմի շնորհիվ իշխանավորները լրացուցիչ ֆինանսավորում են մենաշնորհատերերին, այդ թվում` բնական: Տվյալ դեպքում դա արվում է ժողովրդի հաշվին, քանի որ միջոցներն ուղղորդվում են պետական գանձարանից, որի եկամուտները ձևավորվում են հարկատուների շնորհիվ: Ինչպես կարծում է փորձագետը, եթե կառավարությունն իրոք ցանկանում է պայքարել գնաճի դեմ, ապա բնական մենաշնորհատերերին պետք է ազատի ավելացված արժեքի հարկից, քանի որ հայ իրականության պայմաններում, որտեղ մեծ հաշվով չկա արտադրություն, այդ հարկատեսակի հիմնական ֆինանսական բեռը կրում է բնակչությունը: «Բարձրանում են գները, ինքնըստինքյան բարձրանում է ակնկալվող ԱԱՀ ծավալը` ոչ մի տեղից փող հարկայինների համար՚, - պարզաբանել է նա:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այսօր արդեն մի շարք ապրանքների գների բարձրացման հետևանքների մեղմման ուղիներ չկան: Ավելի վաղ, ինչպես հիշեցրել է փորձագետը, կառավարությունը դիմում էր դրանցից պարզագույնին` տարբերության սուբսիդավորմանը բյուջեի միջոցների հաշվին. վերջին անգամ` ջրի սակագնի բարձրացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: «Հայաստանի կառավարությունը բարի կամք դրսևորեց և որոշեց սուբսիդավորել թանկացումը պետբյուջեի միջոցների հաշվին, չնայած այն հանգամանքին, որ սակագնի վերանայման հիմք, միանշանակ, չկար՚, - հայտարարել է Խաչատրյանը, հավելելով, որ պահպանելով այդ միջոցները երկրի բյուջեում, հնարավոր է, կարիք չլիներ բարձրացնելու հեղուկ գազի գները, ինչի արդյունքում կառավարությունն ակնկալում է լրացուցիչ հավաքագրել 8 մլրդ դրամ: Այդպիսով, տնտեսագետը աղբյուրներ չի տեսնում, նույնիսկ, բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար գների բարձրացումը սուբսիդավորելու համար: «Բյուջեն առանց այդ էլ չափազանց լարված է: Երկրի պետական պարտքը, իսկ ավելի ստույգ, այսօրվա դրությամբ ձևավորված պետական պարտքի սպասարկումը առանց այդ էլ թիվ մեկ մարտահրավերն է Հայաստանի կառավարության համար՚, - ճշտել է նա:
Նշենք, որ 2018 թվականին Հայաստանում զգալիորեն բարձրացել են թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, ոգելից խմիչքների, հավկիթի, շաքարի և այլ ապրանքների գները: Առաջիկայում սպասվում է ծխախոտի թանկացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումները պայմանավորված են ավելի քան 800 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ: Դրանք, հիմնականում, պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաև` ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Գնաճը քննարկելու նպատակով հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` գնաճի հետևանքների հնարավոր մեղմմանը նպատակաուղղված որոշումներ մշակելու նպատակով: Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկը, որոնց գներն ավելացել են հարկային կամ օրենսդրական փոփոխությունների հաշվին: Մինչդեռ, իշխանությունների վերջին նման նախաձեռնությունը պետական գանձարանի վրա նստել է ավելի քան 1,2 մլրդ դրամ, որը կփոխանցվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին` ջրի 1 խմ սակագնի 11,4 դրամ բարձրացմանն առնչվող ծախսերը փակելու նպատակով` գումարած «Վեոլիա ջուր՚ ընկերության վարձավճարից թերի ստացված օգուտը պետբյուջեում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ