Ուրբաթ, 3 Ապրիլի 2015 17:40
Թիմուր Սուլեյմանով. Առաջիկա 5 տարում ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներդրումն անիրատեսական է`օբյեկտիվ հանգամանքներից ելնելով
ԱրմԻնֆո. Առաջիկա 5 տարում ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներդրումն անիրատեսական է`միանգամայն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Այդ մասին այսօր ՀՀ ԿԲ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Թիմուր Սուլեյմանովը: Նա բացատրել է, որ 5 տարին այն ժամկետը չէ, որի ընթացքում կարելի է ինչ-որ արժութային միություն կառուցել:
ՙՈրոշում չի ընդունվել: ԵՏՄ անդամ երկրների նախագահների միջև պայմանավորվածություն կա, որ այժմ միայն ռուսական կողմն է քննարկում արժութային միության ստեղծման տեսական հնարավորությունը, ավելի ստույգ`նպատակահարմարությունը: Սկզբում ՌԴ Կենտրոնական բանկի և ՌԴ կառավարության մասնագետների խումբը կքննարկի բոլոր ՙկողմ՚ և ՙդեմերը՚, ինչից հետո առաջարկները կներկայացվեն ՌԴ նախագահին, և եթե նա նպատակահարմար գտնի դրանք, կներկայացնի ԵՏՄ անդամ այլ երկրների նախագահների դատին: Մեզ մոտ բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես փոխհամաձայնության հիմունքով, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր կողմի հնարավորություն է տրվում հայտնելու այդ ուղղությամբ ընթանալու իր պատրաստակամության աստիճանը՚,- նշել է Սուլեյմանովը:
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն իր հերթին ընդգծել է, որ ԵՏՄ կայացման սկզբնական փուլում միասնական արժույթի ներդրումն անիրատեսական է: Այդ տեսակետը նա հիմնավորել է հետևյալ կերպ. ՙԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի մասին հարց բարձրացնելուց առաջ հարկավոր է ինտեգրման երկար գործընթաց անցնել, ինչը ենթադրում է մի քանի փուլ: Մասնավորապես, անհրաժեշտ են լիարժեք մաքսային միություն, լիարժեք միասնական շուկա, լիարժեք տնտեսական միություն: Բացի այդ, պետք է ապահովել ԵՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկաների լիարժեք ինտեգրում՚: ՙԵթե նայենք Եվրամիությանը, կտեսնենք, որ այնտեղ խնդիրներ են առաջացել այն պատճառով, որ միասնական արժույթ ներդրվել է նախքան անդամ երկրների հարկաբյուջետային քաղաքականությունների ներդաշնակեցումը և ինտեգրումը՚,- ասել է Դարբինյանը: