Շաբաթ, 11 Ապրիլի 2015 18:41
Ապրիլի 7-11-ը արտարժույթի միջբանկայիյ շուկան սկսեց արագորեն ակտիվանալ, իսկ բորսայի արտարժութային հարթակը պահպանեց պասիվությունը
ԱրմԻնֆո. Ապրիլի 7-11-ը արտարժույթի միջբանկայիյ շուկան սկսեց արագորեն ակտիվանալ, իսկ բորսայի արտարժութային հարթակը պահպանեց պասիվությունը: Այդ շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում ծավալներն աճեցին ավելի քան 2 անգամ, իսկ բորսայում արտարժութային գործարքների ծավալը կրճատվեց 33%: Այս պայմաներում ՀՀ դրամի փոխարժեքը կրկին սկսեց աճել (ընթացիկ շաբաթում` 5 կետով):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 4,3 մլն.դոլար, 476,91 դրամ/դոլար միջին փոխարժեքով, ընդ որում, արտարժութային հարթակը գործել է միայն ապրիլի 10-ին: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 1,8 մլն. դոլար, 476,74 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 74,9 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 13,7%) 474,46 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 77,4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`93%), 476,25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,4 մլն.եվրո, 510,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 20,7%), և վաճառվել է 9,4 մլն. եվրո (շաբաթվա աճը` 22,1%) 516,35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 632,6 մլն. ռուբլի (շաբաթվա անկումը` 8,8%), 8.69 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 339,9 մլն.ռուբլի (շաբաթվա աճը` 48.5%) 8.95 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
2014 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42,3 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը աճել է 31,5%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 3%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդ որում, ամսական ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի մարտին Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 478 դրամից իջել է մինչև 472 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 534 դրամից նվազել է մինչև 509 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.8 դրամից աճել է մինչև 8.3 դրամ/ռուբլի: Ապրիլից ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել, ապրիլի 11-ին դոլարի նկատմամբ արձանագրելով 476 դրամ-փոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 505 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 9,0 դրամ/ռուբլի: