Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան`Հայէկոնոմբանկի հետ միավորման կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումը ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից ընդունվել է սույն թվականի օգոստոսի 24-ին, գրանցելով երկու բանկերի միավորման փոխանցման ակտը, ինչպես նաև Հայէկոնոմբանկի փոփոխված Կանոնադրությունը: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Այդ պահից Հայէկոնոմբանկը հանդես է գալիս որպես հայկական ԲՏԱ Բանկի իրավահաջորդ: Բանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը շարունակում են գործել որպես Հայէկոնոմբանկի մասնաճյուղեր: Նշենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկն ուի 40 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում են Երևանում, 20 - ը Հայաստանի մարզերում և 1 –ը`Ղարաբաղում, իսկ ԲՏԱ Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հետ միասին Հայէկոնոմբանկի մասնաճյուղային ցանցը կհասնի 46-ի, (այդ թվում`24-ը` Երևանում, 22-ը`մարզերում և ԼՂՀ-ում):
Մինչև հուլիսի 14-ը ԿԲ Խորհուրդը հաստատել և գրանցել էր Հայէկոնոմբանկի և ԲՏԱ Բանկի միավորման պայմանագիրը: Դրանից հետո տեղի բանկերն իրականացրեցին նախատեսված ընթացակարգերը, հաստատելով փոխանցման ակտով ստորագրված գործողությունները:
Նշենք, որ 2017 թվականից Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Այդ պատճառով էլ հայկական բանկերն զբաղված են կապիտալների համալմամբ, այդ թվում նաև միավորումների և միաձուլումների միջոցով: Առաջին ծիծեռնակները հանդիսացան ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ Բանկը, որոնք 2015-ի վերջին հայտարարեցին համապատասխանաբար` Ինեկոբանկի և Հայէկոնոմբանկի հետ միավորման մասին: Դրանից հետո Հայաստանում մնաց 19 բանկ, որոնցից միայն 7-ի մոտ է, որ ընդհանուր կապիտալը բավարարում է նախատեսված նորմատիվային պահանջին:
Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ հանդիսանում է Հայաստանի հնագույն բանկերից մեկը և ստեղծվել է ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում, հանդիսանալով Բնակսոցբանկի իրավահաջորդը: Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1): 1997 թվականին Հայէկոնոմբանկի մեծամասնական վերահսկող բաժնետեր դարձան Սուքիասյանների ընտանիքի անդամները: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սուքիասյանների ընտանիքի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 66,51%, ՎԶԵԲ` 11,05%: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ակտիվները 2016-իհուլիսի 1-ին կազմել են 18,5 մլրդ դրամ (տարեկան աճը`74,2%), ակտիվները` 114,2 մլրդ.դրամ (տարեկան աճը` 16%), այդ թվում, վարկային ներդրումները`68.4 մլրդ.դրամ (տարեկան աճը` 25%), ընդհանուր պարտավորությունները` 95,7 մլրդ դրամ (տարեկան աճը`9%):
Հիշեցնենք, որ ԲՏԱ Բանկը (Հայաստան) հիմնադրվել է 2005 թ. հունիսին, որպես Ղազախստանի ԲՏԱ Բանկի («ԹուրանԱլեմ» Բանկ) դուստր: 2009 թվականի փետրվարին Ղազախստանի կառավարության հակաճգնաժամային միջոցների շրջանակներում «Սամրուկ-Ղազինա» պետական հիմնադրամը գնեց ԲՏԱ Բանկի բաժնետոմսերի 75,1%-ը: Այնուհետև, 2014 թվականին, բաժնետոմսերի առյուծի բաժինը վաճառեց Ղազկոմերցբանկին և ղազախստանցի գործարար Կենես Ռակիշևին: Բայց բանկի բազմաթիվ արտասահմանյան դուստրերը, այդ թվում նաև Հայաստանում, մնացին «անտեր»: 2016 թվականի ապրիլի 1-ին Բանկի ընդհանուր կապիտալըւ կազմում էր 5,3 մլրդ.դրամ, կուտակված շահույթի մասնաբաժինը` 23,5% (1,25 մլրդ.դրամ), տարեկան 41,2% աճով: