Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ իրականացնելու բարեփոխումներ բացառապես բոլոր ոլորտներում: «Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վազիլ Հուդակն ընդգծել է, որ ԵՆԲ-ն շահագրգռված է շարունակելու ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով. ծրագրեր կիրականացվեն գործարար հատվածի համար՝ համայնքներում տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Պարոն Հուդակը նշել է, որ այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումներ են ունեցել նաև կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ:
Կարեն Կարապետյանը ողջունել է սերտ փոխգործակցության ուղղությամբ ԵՆԲ-ի պատրաստակամությունը և ավելացրել, որ կառավարությունը նախատեսում է մարզային համայնքների կառավարման լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան բարձրացնել արդյունավետությունն ու թափանցիկությունը, տարբեր պետական ծառայություններում ներգրավել մասնավոր ներդրողների և այլն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է Հայաստանում կատարել մոտ 212 մլն եվրոյի ներդրումներ: Ընդ որում, միայն վերջին երեք տարիների ընթացքում ԵՆԲ-ն էականորեն ավելացրել է ներդրումների ծավալը Հայաստանում: Հայաստանի հետ Բանկի համագործակցությունը հիմնված է երեք հիմնական ոլորտներում`էներգամատակարարում, ենթակառուցվածքների զարգացում և աջակցություն, աջակցություն ՓՄՁ ոլորտին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |