Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին 2 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվն աճել է 2.5 անգամ։
Ներկայում PicsArt-ի հայաստանյան գրասենյակն ունի 350-ից ավելի աշխատակից, որոնցից շատերը տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ են։ Աշխատակիցների միջին տարիքը 25 է։ PicsArt-ը նաև 30-ից ավելի աշխատակից ունի Սան-Ֆրանցիսկոյի իր գրասենյակում։
Կառավարության ղեկավարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքի կրեատիվ միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը: Տեղեկանալով, որ ընկերությունը որակյալ մասնագետներով համալրման խնդիր ունի, Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել և հորդորել է ներկայացնել PicsArt-ի հետագա զարգացմանը, համապատասխան կադրերի պատրաստմանը վերաբերող առաջարկություններ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ է կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևողական զարգացումը և պատրաստ է քննարկել ոլորտի ընկերությունների ընդլայնմանն առնչվող յուրաքանչյուր առաջարկ:
Հայկական PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: Այն հասանելի է ողջ աշխարհում՝ 20 լեզվով: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |