Արմինֆո. Հայաստանի գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն առայժմ հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է ադրբեջանական խնձորը Հայաստան ներկրվել, և որ ընկերությունն է ներմուծել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Իշխան Կարապետյանը` նախօրեին կառավարության նիստի ավարտից հետո:
Պետական ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական խնձորի վաճառքի մասին ահազանգ ստանալու պահից սկսած երեք օրվա ընթացքում կարգավորողը հետազոտություններ է անցկացրել Երևանի և մարզերի առևտրի կետերում: Արդեն ապրիլի 25-ին պարզ է դարձել, որ ապրանքը ենթակա է ոչնչացման, քանի որ անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ չունի: «Այժմ ՍԱՊԾ և ՊԵԿ-ը համատեղ աշխատանքներ են տանում ներկրված ապրանքի իրական ծավալները պարզելու նպատակով և հանդես կգան ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ», - նշել է Կարապետյանը, հավաստիացնելով, որ հիմնական ծավալն արդեն առգրավվել է շուկայից:
Պաշտոնյայի ասելով, ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա, թե ադրբեջանական ապրանքն ինչ ճանապարհով է հայտնվել հայկական շուկայում: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ապրիլի 1-25-ը Հայաստան խնձոր է ներկրվել Իտալիայից, Ուկրաինայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից, որոնց թվում Ադրբեջանը չկա: Այդուհանդերձ, ինչպես կարծում է Կարապետյանը, ադրբեջանական խնձորը կարող էր Հայաստան բերվել մաքսանենգ ճանապարհով: «Կարելի է ենթադրել, որ մատակարարումներն իրականացվել են մասնավոր մատակարարների կողմից, քանի որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս մինչև 50 կգ թարմ միրգ-բանջարեղենի ներկրումը առանց մաքսատան», - պարզաբանել է նա:
Պետական ծառայության ղեկավարը հորդորում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել: «Իրավիճակը վերահսկվում է, և անհանգստության առիթ չկա», - ասել է Իշխան Կարապետյանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |