Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը նախատեսում է նախ արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային և այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար: 2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:
Նշենք, որ 2017 թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |