Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ զբաղվող հոլանդական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-հոլանդական գործարար կապերի ընդլայնման և Հայաստանում հոլանադական գյուղտեխնիկայի ներդրման հնարավորությունը:
«Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում ավելացնել արտադրության ծավալները, ապահովել բարձրորակ գյուղմթերք, որը մրցունակ կլինի արտասահմանյան շուկաներում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք ուսումնասիրել ոլորտի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկ և քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններըե, - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը, ագրարային ոլորտում համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Մասնավորապես, հյուրերն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ջերմոցաշինության, բանջարեղենային պահեստների և սառնարանային տնտեսությունների ստեղծման, թռչնաբուծարաններում և անասնապահական ֆերմաներում հոլանդական սարքավորումների տեղադրման ուղղությամբ: Հոլանդական կողմը հնարավոր է համարել նաև հայ մասնագետների վերապատրաստումը Նիդերլանդներում:
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին ներկայացրել է պետական աջակցության նոր ծրագրերը, գյուղտեխնիկայի լիզինգի պայմանները և նշել, որ հոլանդական ընկերությունները նույնպես կարող են դառնալ այդ ծրագրերի մասնակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |