Արմինֆո.Հայաստանում դեռեւս ակտիվություն չի նկատվում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգին մասնակցելու հարցում։ Այս մասին փետրվարի 6-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ պիլոտային ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝ վաղ ցրտահարության դեպքերից ապահովագրություն, հրդեհից ապահովագրություն, կարկուտի ապահովագրություն: Փետրվարի 15-ին լրանում է վաղ ցրտահարության դեպքերի ապահովագրության ժամկետը, և ուզում եմ հիշեցնել, որ գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 տոկոսը հոգում է պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ փոխհատուցվելու է 60 տոկոսով: Խնդիրն այն է, որ այսօր փետրվարի 6 է և այս պահի դրությամբ ապահովագրական պոլիսների գնման մակարդակն այնքան էլ բարձր չէ: Եվ մենք ուզում ենք, մեր սիրելի գյուղատնտեսական տնտեսություններին կոչ անել, որպեսզի օգտվեն այս հնարավորություններից: Նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ կարկտահարությունից և այլ բնական երևույթներից տուժած գյուղացիներին, ինչ-որ այսպես ասած սփոփիչ աջակցություն է ցուցաբերվել կառավարության կողմից: Սփոփիչ, որովհետև դա ամբողջ ծախսն ի վերջո չի փակել: Եվ ուզում եմ արձանագրել, որ կայացված է քաղաքական որոշում, որ այն գումարը, որ մենք պետք է տանք գյուղացիներին հետագայում, տեղի ունեցածից հետո, որպես աջակցություն, մենք հիմա այդ գումարը, դեռ մի բան էլ ավելին, երևի շատ ավելին, մենք այսօր ներդնում ենք ապահովագրության մեջ, այսինքն՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրության մեջ: Մենք այսօր ենք գյուղացիներին աջակցում, որպեսզի նրանք ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ: Ինչը նշանակում է, որ հանկարծ գյուղացին այդ հնարավորությունից չօգտվեց, հետագայում այդ տարածքների, այն մարզերի համար, որտեղ այդ հնարավորությունը կա, կառավարությունն այևս չի կարող որոշում կայացնել, որպեսզի աջակցի գյուղացիներին, որովհետև աջակցության մեթոդը, ձևն արդեն որոշված է: Եվ ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել, որպեսզի նրանք օգտվեն այս հնարավորությունից: Ժամկետներ կան, մինչև փետրվարի 15-ը՝ վաղ ցրտահարության, մարտի 25-ը՝ կարկուտի և հրդեհը՝ անժամկետ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս տարի պիլոտային ծրագիրը գործում է 6 մարզում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում: