Արմինֆո.Փաստորեն, Հայաստանը նոր է մտնում իրական տնտեսական ճգնաժամի փուլ՝ իր բոլոր ներքին ու արտաքին դրսևորումներով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
<Համավարակը, անշուշտ, բավականին լուրջ հարված հասցրեց թե համաշխարհային տնտեսությանը, և թե առանձին երկրների տնտեսություններին: Այս առումով Հայաստանը առայժմ կարելի է դասել միջին չափով տնտեսական կորուստներ կրած երկրների շարքին։ Հայաստանում առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության 4.7 տոկոս անկումը կրիտիկական ցուցանիշից հեռու ցուցանիշ է՝ հատկապես հարևան Վրաստանի և Ադրբեջանի համեմատ>, - ընդգծել է նա ։
Այլ հարց է, ըստ տնտեսագետի, կհաջողվի արդյոք Հայաստանի տնտեսությանը դուրս գալ բավական բարդ իրավիճակից ՝ նվազագույն կորուստներով ։ Նրա գնահատմամբ ՝ այսօր վաղաժամ է կանխատեսել՝ հատկապես այն պայմաններում, երբ կորոնավիրուսով պայմանավորված անորոշությունը, ըստ ամենայնի, դեռ բավական երկար կպահպանվի ։
Տնտեսագետը անհրաժեշտ է համարում հաշվի առնել, որ եթե առաջին կիսամյակում տնտեսական արդյունքների վրա առավել էական ազդեցություն են ունեցել ներքին և պահանջարկի, և առաջարկի կրճատումը, այսինքն՝ ներքին իրավիճակը, որի վրա ներազդելու կառավարության հնարավորությունները համեմատաբար ավելի մեծ են, ապա երկրորդ կիսամյակում մենք բախվելու ենք ավելի ֆունդամենտալ վտանգների հետ՝ արտաքին ֆինանսական հոսքի կրճատում, արտահանման հնարավորությունների նվազում:
Նման հեռանկարները, ըստ տնտեսագետի, ենթադրում են ավելի ծավալուն ու գործուն միջամտություններ, որոնց արդյունավետությունն էլ կորոշի վերջնական արդյունքը: Կանխատեսումներ անելը դեռևս վաղ է, ավելի ճիշտ կլինի մանրակրկիտ ուսումնասիրել տնտեսության առկա վիճակը, հատված առ հատված գնահատել թե անկման պատճառները ու դրանք կանխելու միջոցառումները ու թե վերականգնման ու զարգացման խնդիրները:
<Գոյություն ունեն նաև տեսակետներ, որոնց համաձայն՝ տնտեսության հետճգնաժամային վերականգնումը կրելու է արագացված բնույթ։ Իմ կարծիքով, այս թեզն ավելի շուտ վերաբերում է ընթացիկ ճգնաժամի ավելի վաղ փուլերին։ Այսօր փորձագետները զգալիորեն ավելի զուսպ են իրենց գնահատականներում։ Անշուշտ, ժամանակակից գլոբալացվող աշխարհում տարբեր երկրների տնտեսությունները զգալիորեն ավելի փոխկապակցված են, քան երեկ էր։ Մեծ են նաև փոխազդեցությունները՝ թե դրական, թե բացասական առումով։ Սակայն, սա բնավ էլ չի նշանակում, որ բոլոր երկրներում տնտեսական զարգացումները նույնական են լինելու, այստեղ որոշիչ են լինելու իրականացվող քաղաքականությունները>,- ամփոփել է Ասատրյանը ։