Արմինֆո. Ադրբեջանական Azerenergy պետական ընկերության էլեկտրաէներգիայի՝ իրանական շուկայում հայտնվելը հղի է Հայաստանի համար որոշակի ռիսկերով ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը ։
<Սկսենք այն բանից, որ Իրանն ավանդաբար հանդես է գալիս եւ հանդես է գալու՝ որպես Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարական ուղղություն: Այս առնչությամբ այնտեղ Azerenergy - ի հայտնվելը, իհարկե, լուրջ մրցակցություն կստեղծի Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի համար>, - նկատել է նա ։
Ըստ փորձագետի ՝ ադրբեջանական ակտիվությունը նկատելի է դարձել Իրանի էլեկտրաէներգիայի շուկայում ՝ սկսած 2018 թվականի աշնանը Ադրբեջանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրումից: Դավթյանը դա շատ հետաքրքիր և ուշագրավ է համարում ՝ հաշվի առնելով, որ հետխորհրդային շրջանում Ադրբեջանը երբեք չի դիտարկվել՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։
Ավելին, նրա գնահատմամբ, Ադրբեջանը նույնիսկ չուներ կայուն ներքին էլեկտրաէներգետիկ համակարգ։ Դրա ապացույցը 2018-ի ամռանը տեղի ունեցած խոշոր վթարն էր ։ Այնուամենայնիվ, Բաքվում իրավիճակը ընկալեցին որպես մարտահրավեր ՝ հայտարարելով առաջիկա տարիներին երկրում 1000 ՄՎտ էլեկտրաէներգետիկ նոր հզորություններ ձևավորելու մտադրության մասին ։ Դավթյանը նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր իսկապես ձեռնարկվում են ։
Իրանական շուկայում Հայաստանի համար ևս մեկ մարտահրավեր փորձագետը համարում Է Թուրքմենստանը։ Նրա գնահատմամբ ՝ այդ երկիրը կարողացել է ապահովել արտադրվող էլեկտրաէներգիայի բավականին ցածր ինքնարժեք, ինչը թույլ է տալիս պահպանել արտահանվող ծավալների մրցունակությունը ։ Այս առումով Դավթյանը Հայաստանին մոտ ժամանակներս բավականին կոշտ մրցակցություն է կանխատեսում Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ։
Ընդ որում, Ադրբեջանի հետ մրցակցության հեռանկարը Դավթյանը դիտարկում է կոմունիկացիոն պրիզմայի միջոցով ։ Նրա խոսքով, թեեւ բավականին դանդաղ տեմպերով, Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն առաջ են ընթանում: Այս նախագիծը, նրա գնահատմամբ, դուրս է գալիս երկկողմ շրջանակներից և Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս է կազմում ։ Վերջինս էլ կոչված է սինխրոնացնելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը ։
<Եվ այս իրավիճակում արդեն այսօր մենք հետևում ենք Բաքվի փորձերին ՝ առաջարկել իր տարածքով այլընտրանքային միջանցքի ձևավորում ։ Ավելին, արդեն գոյություն ունի և ներկայացված է Իրան - Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման նախագիծը ։ Եվ դրա իրականացման դեպքում հայկական միջանցքը միանգամայն կարող է կորցնել ի սկզբանե իրեն վերագրվող աշխարհաքաղաքական նշանակությունը>, - ամփոփել է փորձագետը ։