Արմինֆո.Հաջորդ տարի մենք կունենանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների տեղաշարժի նոր, ավելի պարզեցված ռեժիմ, այդ թվում՝ "Վերին Լարս" ՀԱԿ-ով։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշել է, որ 2021 թվականին նախատեսվում է սկսել Իրանի եւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի շուրջ աշխատանքները: Եգիպտոսի դեպքում նախատեսվում է համաձայնագիրը հասցնել ստորագրման մակարդակի։
"Բացի այդ, ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին համաձայնագիրը։ Դրանց համաձայն՝ Սինգապուրը համաձայնել է մաքսային տուրքերով չհարկել Եվրասիական տնտեսական միության ապրանքները",- նշել է Խաչատրյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ուժի մեջ կմտնի նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Դա Հայաստանի համար կստեղծի Սերբիայի հետ առեւտրի ավելի բարենպաստ պայմաններ։ "Մենք պայմանավորվել ենք մեզ համար առավել շահավետ ռեժիմի մասին, հատկապես, արտադրանքի արտահանման հարցում, որով Հայաստանի տնտեսությունն առավել մրցունակ է, օրինակ, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը", - եզրափակել է Խաչատրյանը:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |