Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։
ԲՏԱՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողություններին, տնտեսության ազատականացման էստոնական փորձին, նշել, որ այն կարող է օրինակելի լինել Հայաստանի համար։
Վահագն Խաչատուրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես ընդգծել է արդեն իսկ հաստատված թվայնացման ռազմավարությունը, դրանից բխող թվայնացման նոր ստանդարտների մշակումը, ինչպես նաև հաջողությամբ գործարկված e-gov, e-draft և մի շարք այլ էլեկտրոնային հարթակները, որոնք պարբերաբար ամբողջացվում ու արդիականացվում են։
Նախարարը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակման, հատկապես էստոնացի մասնագետների կողմից պրակտիկ խորհրդատվության, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ռինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ առկա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել ընդլայնելու գործակցությունը և վեր հանելու համագործակցության նոր հնարավորություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մի շարք հնարավորություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի համապատասխան մասնագետներից ձևավորել աշխատանքային խումբ, ստեղծել ճանապարհային քարտեզ և մշակել գործողությունների ծրագիր։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |