Արմինֆո. Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում վերոնշյալ ինստիտուտի ներդրման կարևորությունը, և այս համատեքստում օգտակար համարել արաբական փորձի ուսումնասիրման ու փորձի փոխանակման հնարավորությունը։ Նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել։
Աբդելլաթիֆ Աբուքուրահը մանրամասներ է ներկայացրել համակարգի ստեղծման ու կառավարման գործընթացից՝ անդրադառնալով նաև կիրառվող հիմնական գործիքակազմին, պետության հետ համագործակցությանն ու առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև հասարակության շրջանում համակարգի գործարկման վերաբերյալ առկա դրական արձագանքի կարևորությունը։
Նախարարն արաբական կողմին առաջարկել է ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող հարցերի շուրջ Հայաստանում անցկացնել հանդիպում՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Դուբայ» ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Առաջարկվել է դիտարկել նաև հայկական ապահովագրական շուկայում «Դուբայ» ապահովագրական ընկերության հնարավոր ներգրավվածության հնարավորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային քննարկումների միջոցով ընթացք տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |