Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:
Ձմեռ պապիկին ուղղված երեխաների նամակները հասան Բանկի աշխատակիցներին, ովքեր, որպես իրական Ձմեռ պապեր, նամակների հասցեատերերին հանձնեցին խաղալիքները՝ նրանց համար ստեղծելով անմոռանալի օր:
2007 թ․-ից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:
«HSBC Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ համայնքներին աջակցելու իր հանձնառությանը: Toy Drive-ը դրա վառ օրինակներից մեկն է․ ավանդույթ, որը մենք պահպանում ենք ավելի քան 15 տարի: Այն հույսի խորհրդանիշ է հանդիսանում այն երեխաների համար, որոնք կարող են տոնական օրերին բախվել դժվարությունների՝ նրանց անհնար թվացող երազանքները վերածելով երջանիկ իրականության»,- ասում է HSBC Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: