Արմինֆո. Լարսի այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտից հետո "Վերին Լարս" անցակետը տարվա 365 օր անցանելի կլինի: Այդ մասին մարտի 11-ին խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նրա ասելով, դեպի "Վերին Լարս" անցակետ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցման նախագիծը կավարտվի ոչ թե 2024 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ՝ 2025 թվականին: Դրա շնորհիվ "Վերին Լարս" անցակետը, որն "ավանդաբար" փակվում է եղանակային պայմանների վատթարացման պատճառով, երբեմն, նույնիսկ, 2 ամսով, անցանելի կդառնա տարեկան 365 օր:
Նշենք, որ խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։ Դա Մցխեթ- Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է ։ Եռաշերտ թունելի տրամագիծը 15 մետր է, դրա երկայնքով երթևեկությունն անխափան կիրականացվի երկու ուղղություններով: Թունելում յուրաքանչյուր 500 մետրի վրա կան տարհանման ելքեր։ Թունելը և Կոբի գյուղից մինչև Քվեշեթի գյուղ 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտան ապահովել շուրջօրյա անխափան երթևեկություն այդ տարածքով դեպի Ռուսաստան և հակառակը: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. տեղական բեռները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերում կանգնելու։ Թունելը թույլ կտա Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ սահման) ճանապարհորդության ժամանակը կրճատել 2 ժամ 30 րոպեից մինչև 1 ժամ 45 րոպե:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |