Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար:
Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` զեկուցողը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:
«Նախաձեռնությամբ ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով` հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել. «Ըստ կանխատեսումների` նշված տուրքերի սահմանման դեպքում պետական բյուջե եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով»:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը, կոմիտեում որակավորված մասնագետների ներգրավմանը, օդի տուրքի կիրառմանը եւ այլն:
ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքներով նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |